Դերենիկ Դեմիրճյանն ասել է... - VNews

Դերենիկ Դեմիրճյանն ասել է…

դերենիկ դեմիրճյան
  • Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը և ամենից ավելի ներքևին գտնվողին ավելի ուժգին է հարվածում։

 

  • Հարկավոր է հաճախ հեռանալ գրական կյանքից՝ նրան ավելի մոտենալու համար:

 

  • Դատարկ ձեռքով գրիչ բռնելը դատարկ գրպանով առևտուր անելու պես է։

 

  • Գնացե՛ք կյանք և նո՛ր եկեք գրականություն։

 

  • Ես Եվրոպայում երաժշտություն ու բնագիտություն էի ուսանում գրող դառնալու համար:

 

  • Դրախտն ու դժոխքը մեր ջահելությունն ու ծերությունն են։ Ուրիշ գաղտնիք չկա։

 

  • Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը։

 

  • Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելը, իր տեղը զիջում է հուշերով ապրելուն։

 

  • Ինչքան թռչում ես դեպի ապագան, այնքան ընդլայնվում է հորիզոնը դեպի անցյալը, և խորանում է կյանքը։

 

  • Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ։

 

  • Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան։ Դա խորացնում է կյանքի իմաստը։

 

  • Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան… ես ևս եղա այն հացահատիկը, որ ընկնելով հողը՝ մեռնում է, որպեսզի գա հացը կենդանի։ Եվ մի ձգտում. հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք, և ոչ թե ես՝ նրան:

 

  • Ես ինձ մարտիկ եմ զգում և չեմ զլանա մեր հայրենիքի ազատության համար թափել արյանս վերջին կաթիլը:

 

  • Մի ժողովրդի պատմությունը նրա անկետան է, նրա վկայականը, նրա կենսագրական պատկերը։ Պատմությունը նրա հասակն է, նրա փորձը, նրա հնությունը, ստեղծագործական ստաժը։ Ամեն ժողովուրդ գալիս է իր պատմությունից։

 

  • Վարդանանց պատմությունը հայ ժողովրդի հոգեկան բարձր առաքինության, ուժի, ազատության, ինքնուրույնության, կուլտուրայի համար նահատակվելու երգն է։ Նահատակը իր կյանքը ժողովրդի գործի վրա և նրա համար մեռնելու պատրաստ մարդն է իմ վեպում։ Եվ մատնելով շարքերն իր հայրենիքի պաշտպանության՝ պայքարի համար՝ դեռ չընկած նահատակ էր հաշվվում։

 

  • Սիրել իր արվեստը, երբեք գոհ չլինել իրենից, նվիրվել նրան, միշտ որոնել, ուսումնասիրել, նորոգվել, խորանալ. սա կարող է օգտակար լինել արդիական ստեղծագործողի համար։