Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ - VNews

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

for cover scaled - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Անցած տարի աջ ռեժիսոր և սցենարիստ Օվսաննա Շեկոյանի առաջին՝ «Թվիստ» ֆիլմն ընդգրկվել էր Սարաևոյի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Իսկ վերջերս Օվսաննան ավարտեց իր երկրորդ՝ «Գլխիվար» կարճամետրաժ ֆիլմի աշխատանքները: Vnews Culture-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը որոշեց զրուցել Օվսաննայի հետ նոր ֆիլմի մասին և իմանալ, թե ինչպես է ստեղծագործում երիտասարդ ռեժիսորը, ինչ է կարծում այսօրվա հայաստանյան կինեմատոգրաֆի խնդիրների մասին և ինչ տեղ ունի հայկականը համաշխարհայինի կոնտեքստում:

 

– Առաջինը բավականին ստանդարտ հարց է՝ ինչպե՞ս ծնվեց այս պատմությունը, եթե կային իրական պատմության նախադրյալներ… և ինչու՞ որոշվեց հենց սա դարձնել կինո: 

– «Գլխիվար»-ն իմ երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է։ Հիշում եմ, մի քանի տարի առաջ ռուսական հեռուստաալիքով լուրեր էին մի երեխայի մասին, ով ֆիզկուլտուրայի դասաժամին ուշագնաց էր եղել, ինչից  հետո մեղադրանք էր առաջադրվել ֆիզկուլտուրայի ուսուցչին, ու մեծ դատական քաշքշուք էր սկսվել։ Դա պատմեցի ծանոթներիցս մեկին, վերջինս էլ իր հերթին այդպիսի մի աբսուրդային դեպքի մասին հիշեց, որը արդեն իրենց գյուղում էր տեղի ունեցել։ Դրանից հետո որոշեցի այս պատմությունը սցենար դարձնել։ Չեմ սիրում, որ ֆիլմի սյուժեն իրական հիմքեր է ունենում, հակառակը՝ սիրում եմ, երբ ֆիլմի դրամատուրգիան բացարձակ հորինվածք է ու միայն զգայական, հոգեբանական կապեր կան հեղինակի ու իրական հիմքերի հետ։ Բայց այս պատմությունը այնքան հակասական էր իմ համար, որ որոշեցի անպայման իրականացնել։

 

– Թեև ֆիլմում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, շատ մինիմալիստիկ լոկացիաներում, կարծես, անդեմ դպրոցում, անդեմ գյուղաքաղաքում, միևնույն է՝ ֆիլմը բավականին մթնոլորտային է. հատու՞կ էր արված:

– Ե՛վ համաձայն եմ քեզ հետ, և՛ ոչ։ Իսկապես, ամբողջ ֆիլմը գլխավոր հերոսի՝ ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցչի՝ Րաֆֆիի կյանքում (իսկ ավելի կոնկրետ մի քանին ժամում) տեղի ունեցող դեպքի մասին է, բայց այնպիսի դեպքի, որը գլխավոր հերոսի կյանքը գլխիվար շուռ է տալիս։ Ֆիլմը հենց այդ «սահմանային» իրադարձության մասին է, որից առաջ երևի թե կար մի հերոս, ու որից հետո կլինի մեկ այլ։ Ինչ վերաբերում է մինիմալիզմին (երևի նկատի ունեք մինիմալ կերպարները, նկարչական աշխատանքը) ապա՝ այո, իմ կարծիքով այդպիսի էսթետիկան օգնում է հատկապես կարճամետրաժ ֆիլմի դեպքում կենտրոնանալ բուն պատմության վրա։ Մյուս կողմից ես չէի անվանի այն անդեմ, այլ կասեի փոքր-ինչ վերացարկված, որովհետև, այնուամենայնիվ, ֆիլմում բավական տեսանելի ու հասկանալի, լոկալ՝  հետխորհրդային իրականությունն է։

still 1 1 960x541 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Կադր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվայր» ֆիլմից

– Կարո՞ղ եք դերասանների որոնման ու քասթինգի մասին խոսել. հետաքրքական է, որ ոստիկաններից մեկի դերակատարը՝ Նարեկ Ալեքսանյանը, մեկ տարվա կտրվածքով արդեն երկրորդ անգամ է, ինչ մարմնավորում է ոստիկանի կարճամետրաժ ֆիլմում:

– Վաթինյան Միկայի (գլխավոր ոստիկանի) հետ մենք նախորդ ֆիլմում էինք աշխատել։ Միկային ես համարում եմ անչափ տաղանդավոր դերասան: Նարեկի հետ ծանոթացա հենց այդ նշածդ ֆիլմում աշխատելիս («Շեմից այն կողմ»), ես այդ ֆիլմի նկարիչն էի: Իսկ արդեն իմ ֆիլմի գլխավոր դերակատարը ՝ Առնոլդ Ղազարյանն ու տնօրենի դերակատարը (Գագիկ Ղազարեն) ընդհանրապես դերասանական կրթություն ու դերասանական մեծ փորձ չունեին՝ ինչը ո՛չ իրենց խանգարեց ո՛չ առավել ևս ֆիլմին։ Ինձ թվում է, դիտողն էլ կդժվարանա տարբերել, թե իրենցից ով է պրոֆեսիոնալ դերասան, իսկ ով՝ ոչ։

Բացի դա, ֆիլմի նկարահանումները համընկան վերջին արցախյան պատերազմի հետ։ Գլխավոր դերակատարը՝ Առնոլդը Ղազարյան առաջնագծում էր, իսկ մյուս դերակատարը՝ Գագիկ Ղազարեն, որպես կամավոր, մեկնել էր առաջնագիծ։ Այդ իսկ պատճառով ֆիլմի նկարահանումները տեղափոխվեցին 2021 թվական։ Առնոլդը վերադարձավ ոտքի վիրավորումով, բայց այնքան մեծ ցանկություն ուներ ֆիլմում խաղալու, որ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր հետո նկարահանաման հրապարակում էր։ Ուզում եմ երկուսին էլ իմ շնորհակալությունը հայտնել։

 

– Գրեթե բոլոր ռեժիսորներին այս հարցը տալիս եմ, ինձ իրոք հետաքրքիր է միասին հասկանալ ու պարզել այսօրվա մեր երկրի կինոյի ներկա կարգավիճակն ու ապագայի հնարավորությունները։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ տեսք է ստանում այսօրվա հայաստանյան կինեմատոգրաֆը, ու՞ր է տանում հանդիսատեսին և ո՞վ է քո (ու քո ֆիլմի նման) կինոյի հանդիսատեսը:

– Այսօրվա մեր կինոյի ներկա կարգավիճակը՝ համաշխարհայինի կոնտեքստում, իհարկե, լուսանցքային է։ Ու ցավալին այն չէ, որ մեր կինոն դուրս է համաշխարհային փառատոնային, «նետֆլիքսային» կյանքից, որովհետև դա ընդամենը վերջնարդյունք է։ Ցավալի է, որ մենք չենք ստեղծում ֆիլմեր, որոնց մասին մարդիկ կարող են ժամերով, ամիսներով, տարիներով խոսել, քննարկել, վիճել։ Իմ կարծիքով, այսօրվա հայկական կինոն պետք չէ զարգացնել։ Չի կարելի զարգացնել մի բան, ինչը շատ վատ վիճակում է։ Այն ոչ թե զարգացնել է պետք, այլ վերակենդանացնել, շոկի ենթարկել, սադրել, որ քնած՝ լեթարգիական վիճակից դուրս գա։ 2000-ականների ռումինական կինոն հենց այդպես կենդանացավ։ 1990-ականների սկզբին եվրոպական կինոն օրինակ, «գոյատևում» էր միայն մեծ վարպետների հերթական լավ ֆիլմերի շնորհիվ, մինչև որ չհայտնվեցին «Դոգմա»-ի ջահելները։

Հանդիսատեսի առումով վերջին շրջանում ընդհանրապես շատ բան է փոխվել։ Մենք հիմա ապրում ենք փոքր էկրանների ժամանակաշրջանում։ Օրինակ՝ իմ ընկերներից շատերը, այդ թվում նաև ես, արդեն մի քանի տարի է, ինչ հեռախոսով ենք ֆիլմ նայում։ Ու կապ չունի՝ դրանք TV սերիաներ են, թե, ասենք, հեղինակային-փառատոնային ֆիլմեր։ Ուզում եմ ասեմ՝ այսօր բոլորն են հանդիսատես, պետք չէ դրա համար լինել մեծ կինոսեր կամ «կինո գնացող»։ Բայց միանշանակ է, որ անբովանդակ,  պասիվ, չեզոք կինոն բացառվում է, որ հետաքրքիր հանդիսատես ունենա և հակառակը։

 

still 2 1 960x541 - Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Կադր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվայր» ֆիլմից

 

– Իսկ ըստ քեզ, կա՞ վերակենդանացնելու որևէ բանաձև… այսինքն, խոսքը բովանդակությա՞ն, թե՞ կատարողականի մասին է…

– Թե՛ բովանդակային, թե՛ կատարողական։ Երկու առումներով էլ հայկական ժամանակակից կինոն հետադիմական է։ Օրինակ, այս տարի Կաննում Ոսկե արմավենու ճյուղը վերցրեց  բոդի-հորոր ժանրի ֆիլմ, որը, վստահ եմ, մեր մոտ նույնիսկ ֆիլմ էլ չեն համարի։ Կաննում շատ լավ հասկանում են, որ արվեստում շատ հաճախ չստացված նորը շատ ավելի կարևոր է, քան ստացված հինը՝ կրկնությունը: Նույնն ձև ռեժիսոր Ռադու Ժուդեի վերջի ֆիլմն է, որը Բեռլինում հաղթեց։ Այդ ֆիլմերն արդեն ոչ մի աղերս չունեն դասական կինոդրամատուրգիայի հետ։ Ամեն մի ֆիլմ իր առանձին ֆորման է ստեղծում, որտեղ սյուժեն ուղղակի ասելիքը փոխանցելու գործիք է։ Հայաստանում հիմա առանձին-առանձին ստեղծվում են հաջող ֆիլմեր, հատկապես, կարճամետրաժ ու վավերագրական, բայց ասել, որ դրանք հայկական կինոյի մեջ տրամադրություն են փոխում, սուտ կլինի։

 

– Կարո՞ղ ես ասել, որ կամաց-կամաց հեռվից նշմարվում, ձևավորվում է երիտասարդ կինոգործիչների նոր ալիքի ուրվագիծ, որովհետև վերջերս շատ են հենց այդ կարճամետրաժ կամ/և վավերագրական ֆիլմերը, որոնք հաջողում են դրսի միջազգային կինոփառատոներում, ներկայացնում այդտեղ Հայաստանը։

– Այդ քո նշած տեղաշարժը շատ կոնկրետ քաղաքականության արդյունք էր։ Այսինքն, մի քանի տարի առաջ շատերը հասկացան, որ պետք է ռիսկի դիմել ու ֆինանսավորում տալ լրիվ նոր անունների, թեկուզև շատ քիչ փորձ ունեցող։ Ու այդ մոտեցումը փաստորեն փոքր, բայց արդյունք տվեց։ Իսկ ավելի մեծ փոփոխության համար մեր կինոյին շատ ավելի լուրջ, բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։

 

– Կարո՞ղ ես այս մասով մի քիչ ավելի մանրամասնել՝ ի՞նչ կուզեիր վաղը տեսնել մեր ազգային կինեմատոգրաֆում:

– Ես անկեղծ կուզեմ՝ մեր վաղվա կինոն լինի համաշխարհային կինոյի մի մաս, ոչ թե աշխարհի կինոյից կտրված օրգանիզմ։ Երկրագնդի բոլոր կետերում հեղինակներին նույն շարժիչ ուժերն են մղում ստեղծագործել։ Հուսով եմ, որ վաղվա հայկական կինոն կհրաժարվի ներկայիս քաղքենիական բովանդակությունից։ Այսօրվանը՝ նեղ, սահմանափակ հայացքների ու ձգտումների կինո է, իսկ մեզ անհրաժեշտ է դրա հակառակը։

 

 

 


Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց երիտասարդ ռեժիսոր Արմիկ Իսրայելյանի հետ

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

[5 կարճամետրաժ] Հայտնի ռեժիսորների ամենահայտնի կարճամետրաժները

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայկական ֆիլմն ընդգրկվել է Կլերմոն-Ֆերան՝ կարևորագույն միջազգային կինոփառատոնում

«Ձայն մարդկային». Պեդրո Ալմոդովարի և Թիլդա Սուինթոնի սիրո մանիֆեստը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում